Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՍԱՐԿՈԶԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ

ՍԱՐԿՈԶԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ
24.05.2011 | 00:00

Փաստն ահավոր հետաքրքիր է հենց միայն այն առումով, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում սա երկրորդ նմանատիպ այցն է լինելու (դրա՞ համար է Քոչարյանն իր «մատղաշին» առել, գնացել Հայաստանից)` նախորդ ամռանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցից հետո: Ինչն էլ ինքնին խոսում է Հայաստանի դերի, տեղի մասին` այս ժամանակահատվածում, խաղի այս փուլում:
Իսկ որ Սարկոզին հենց էնպես չի գալիս Հայաստան, բոլորին է հասկանալի: Եվ այն էլ` պետական այցով:
Հիշենք, որ պետական այցը մեկ սանդղակով բարձր է աշխատանքային այցից և միտված է տվյալ երկրների բարեկամության նիշը ցուցանելուն, ինչպես նաև կնքվելիք փաստաթղթերի կարևորությունը շեշտելուն:
Ինքնին հասկանալի է` պետական այցի ժամանակ հա՛մ նախարարներն են շատ լինում, հա՛մ գործարարները, իսկ որ ամենակարևորն է` լրագրողները: Էլ ավելի կարևորը` մոտոցիկլետներն են շատ, ուղեկցող ավտոմոբիլները, համ էլ` անվտանգության ու արարողակարգային աշխատողները (Դոմինգոյի ականջը կանչի):
Հասկանալի է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահի պետական այցը միայն Ֆրասիայի որոշման արդյունքը չէ, ինչ-որ առումով այն նաև Մինսկի «խմբակի»` Հայաստանի կարևորման փաստն է:
Այսպիսով, Սարկոզին Հայաստան կգա հոկտեմբերին։
Իսկ հիմա ամենակարևորի մասին. Սարկոզիի այցը տարածաշրջանային չէ: Այն երկօրյա է (ասել ենք` աշնանային Երևանում քայլել-գիշերել եվրոպացիք շատ են սիրում):
Նիկոլայի ինքնաթիռը վայէջք կկատարի Թիֆլիսում. մի քանի ժամ Հավլաբարում (բա դե ուրիշ որտե՞ղ) ման գալուց, Սանդրային ու Միշոյին (իրենց Միշոյին) տեսնելուց, Նինոյի ապստամբության հետքերն ուսումնասիրելուց հետո Սարկոզին կժամանի Հայաստան:
ՈՒ Ադրբեջանը հերթական անգամ ստիպված կլինի հաղթահարել իրեն պատած դեպրեսիան, ինչը, որպես օրինաչափություն, սկսվում է նման դեպքերում: Թուրքերին բանի տեղ չդնելուց հետո Սարկոզին Ադրբեջանում ևս չի լինի: ՈՒ թե հաշվի առնենք հանգամանքը, որ Օբաման էլ էնտեղ` Վաշինգտոնի կողմերում էր տարածաշրջանային լիդերներից նախընտրել առաջինը հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, իսկ Ալիև-քյորփին ընդհանրապես միջուկային գագաթնաժողովին չէր կանչել, ապա հասկանալի է դառնում, թե ինչու կարմայական դեպրեսիան Ադրբեջանի մոտ լուրջ գործոնի է վերածվում:
Հակաթուրք Ֆրանսիայի նախագահը Հայաստանում կլինի իր և Սերժ Սարգսյանի (վերջինիս դեպքում` խորհրդարանական ընտրությունների) համար նախընտրական տարում, ինչը նույնպես խոսուն է:
Ի դեպ, որպես օրինաչափություն, պետական այցերի ժամանակ ընդունված արարողակարգ է, որ, բացի Երևանից, բարձրաստիճան հյուրն այցելի նաև մեկ այլ հայկական քաղաք: Առայժմ դեռ որոշված չէ, թե որ քաղաք է այցելելու Նիկոլա Սարկոզին:
Եղանակը լավ լինի, կարելի է և Ստեփանակերտ մեկնել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ